Այս օրերին, ամանորյա բացիկներ լրացնելիս, բոլորն էլ դժվարություններ են ունենում: Տարվա ընթացքում այնքան ենք անիծել ու հայհոյել իրար, որ բացիկ լրացնելուց ակամա ուզում ես մի թունդ քֆուր գրել:
Այսօր մի բարձրաստիճան ընկերոջ մոտ էի, որը ճիշտ նույն վիճակում էր: Հակվել էր ճաշակով ձևավորված բացիկի վրա ու չարացած գրելիքն էր մտմտում. «Ես քո կերած պիցցան... Ես քո եկած ճամփան... »:
- Էդ ինչե՞ր ես գրում, հո չե՞ս գժվել:
- Բա ի՞նչ անեմ: Բա որ տեսնես՝ ինձ ինչեր են գրել:
- Ի՞նչ են գրել:
- Ահա, արդեն մի հիսուն բացիկ ստացել եմ, որն ուզում ես՝ բացի ու կարդա:
- Ո՞րը կարդամ:
- Որն ուզում ես: Հենց թեկուզ՝ սա: Տես՝ ինչ սիրուն բացիկ ա, վրան նկարած շամպայնի շիշ, խոզի բուդ ու կոկորդիլոսի փետուր, բայց մեջը...
- Ո՞նց թե՝ կոկորդիլոսի փետուր:
- Դե, կոկորդիլոսը թռչուն ա, չէ՞, բայց դու միջինը կարդա: Բարձր կարդա, որ ես էլ լսեմ:
- «Հազար տարվա ցավ ու չոռ
լցվի տունդ ամեն օր,
շուտով մտնես մի մութ գյոռ՝
չբոլորած տարին նոր»:
- Տեսա՞ր:
- Վայ քո արա, էս ինչ զարզանդելու բան էր:
- Էդ ինչ էր որ: Բա որ մյուսը կարդաս:
- Ո՞ր մյուսը:
- Էն, որ վրան Ձյունանուշ ա նկարած ու խեղդած կենգուրուներ:
- Չէ, էլ չեմ ուզում կարդամ: Արի գիտե՞ս ինչ արա:
- Ի՞նչ:
- Էդ բացիկները, քո գրածն էլ հետը թափի վեդրոն, մի հատ նորը բացի ու ինչ կթելադրեմ՝ գրի:
- Լավ, շուտ ասա, որովհետև արդեն զահլաս գնաց քֆուր հանգավորելով:
- Ուրեմն գրի.
Պայծառ գալիք, բարիք նոր,
շնորհավոր Ամանոր:
Փառքով օծված սերմ ու հունդ,
մեծ ավետիս՝ Սուրբ Ծնունդ:
- Էս ինչ լավն էր, արա: Շունչս բացվեց:
- Բա որ ասում եմ...
Կարո Վարդանյան